Վահան Թոթովենց: Մայրս

Հատված «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վիպակից

Մայրս առողջ էր, ժիր և սիրուն։
Մորս հիշելիս՝ ես միշտ հիշում եմ նաև մեր պարտեզի նոճին։ Նրան շատ էր նման։
Նա բռնում էր ջրով լցված տաշտը, վեր էր բարձրացնում և, առանց ճիգի, միայն դաստակների ուժով, թափում էր։ Մի որևէ սեղան, մի ծանր առարկա տեղափոխելիս՝ չէր կանչի ո՛չ ոքին օգնության։ Բոլորն ինքն էր անում, անում էր թեթև, կարծես մի փոքրիկ ճյուղ էր տեղափոխում։Ծննդաբերությունից միայն կես ժամ առաջ նա հրաժարվում էր աշխատելուց, դեմքի վրա հազիվ նշմարվում էր ցավագին ինչ֊որ ծամածռություն, ապա ժպտում էր ջինջ, գնում, առանձնանում, բռնում կողերը, և ահա ծնված էր լինում մեզանից մեկնումեկը։

Ասում էին, որ մեզանից մեկ֊երկուսը դեռ ամբողջովին լույս չտեսած, ոտները մորս մարմնի մեջ, սկսել են ճչալ։ Անզուսպ, առողջ մանուկներ, որոնց արյունն այնքան շատ էր լինում երբեմն, որ վախենում էին խեղդվելուց։ Մեզանից մեկն այդպես էլ խեղդվել էր մեկ֊երկու ամսական եղած ժամանակ։

Մա՜յր, հիշում եմ քո երջանկությունը, մայրական բերկրանքը, երբ ես և եղբայրներս ըմպում էինք կաթը քո մարմնի արևային խորությունից։
Նստել եմ շատ գրկեր, բայց ո՛չ մի գիրկ, մա՜յր, չի օրորել ինձ այնպես անուշ, ինչպես քո գրկի քնարը։

Մայրը՝ դա հավիտենական, մշտաթարմ և մշտադալար լիրիկան է, դա ոսկյա ծառն է երկնքի կապույտ դաշտում բուսած։

Ամենամռայլ թախիծն է պատում ինձ այժմ, երբ հիշում եմ, որ մի քանի անգամ կաթկթել են մորս արցունքներն իմ անառակությունների պատճառով։

Ես ուզում եմ, որ այժմ մեկն ինձ դաժան կերպով խոշտանգի այդ անառակությունների համար, որպեսզի հանգստանա իմ թշվառ հոգին, որպեսզի խաղաղի մշտնջենական ողբն իմ ողբագին հոգում։

Իջնում է թանձրակարմիր և մեծաթև մի վերջալույս իմ ճակատի վրա։ Կոծում են հողմերը։ Աշխարհը ցուրտ է։
Փակեցե՛ք դուռը աշխարհի դեմ։

Բայց մայրս ժպտում է մեր կապույտ լեռներից բարձրացող արևի միջից, տեսնում եմ նրա ծամերը արևի շողերին խառնված և լսում եմ նրա շողերի ձայնը․

«Տուր թախիծդ ինձ, մանո՜ւկ իմ, ե՜րգն իմ կողերի, ցնծա գարնան մեջ, գարո՜ւն իմ ցնծագին, վազի՛ր բաց և դալար դաշտերում, իմ եղնի՜կ թեթևասույր, սուրա՛ փրփրադեզ ալիքների վրա, ժպտա, ջերմագին է աշխարհը, իմ զավա՜կ, իմ ծա՜ռ երկնասլաց, իմ խնդությո՜ւն, իմ սե՜ր»։

Եվ բացվում է մի մեծ առավոտ, որի թևերը ոսկեզօծում են իմ հոգու մռայլ ափունքները։

Սավառնում է տիեզերական ցնծությունը։

Արևի միջից լսում եմ նրա ձայնը։

Արևը ինքը՝ մայր է խարտյաշ աչքերով և ոսկյա մազերով։ Թափվում է կանաչների վրա նրա ոսկեհնչյուն երգը։

Առաջադրանքներ:
1.Կարդալ հատվածը, անհասկանալի բառերը բացատրել բառարանի օգնությամբ:

Ժիր-Աշխույժ

նոճի-սարո

ճիգ- Ջանք

ցավագին-վշտահար

ջինջ-Մաքուր

Անզուսպ-Անզսպելի

բերկրանք-Ուրախություն

մշտադալար- Մշտականաչ

2.Ո՞վ է մայրը հեղինակի համար: Ինչպե՞ս է նա ներկայացնում մորը:

Մայրը՝ դա հավիտենական, մշտաթարմ և մշտադալար լիրիկան է, դա ոսկյա ծառն է երկնքի կապույտ դաշտում բուսած։

3.Ո՞վ է մայրը քեզ համար: Նկարագրիր և բնութագրիր մայրիկիդ:

 մայրիկս միջահասակ է ունի շագանանկագույն աչքեր և սև մազեր։ Մայրիկս շատ բարի է, խեստ է, համեստ և խելացի։