Պաղպաղակե դղյակը

Մի Բոլոնիա քաղաք կար: Էս Բոլոնիա քաղաքի ամենա-ամենագլխավոր հրապարակում մի պաղպաղակե դղյակ էր հայտնվել: Է՛, պաղպաղակե դղյակ… ո՛վ չի ուզի այն լպստել… Քաղաքի բոլոր ծայրերից երեխաները փախան-եկան, որ մի քիչ  լպստեն: Մեծերն էլ եկան: Դղյակի տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզներից բարձրացող ծուխը` ծուռմռտիկ շաքարից, իսկ ծխնելույզները` մրգաշաքարից: Մնացած ինչ կար-չկար պաղպաղակից էր` դռները պաղպաղակից էին, պատերը պաղպաղակից էին,  կահուքը պաղպաղակից էր: Մի փոքր տղա սկսեց լպստել սեղանի ոտքը: Հետո էս տղան կերավ սեղանի մյուս ոտքը, էն մյուս ոտքը, իսկ երբ կերավ վերջին ոտքը, սեղանն իր ափսեներով ընկավ ուղիղ տղայի վրա… Ափսեներն էլ էին պաղպաղակից: Մեկ էլ քաղաքի պահակը տեսավ, որ դղյակի մի պատուհանը հալչում է: Էս պատուհանի ապակիներն էլ ելակի պաղպաղակից էին, դարձել էին վարդագույն առվակ ու իրենք իրենց հոսում էին:
_ Վազեք այստե՜ղ, շուտ արե՜ք,-կանչեց պահակը երեխաներին:
Բոլորը վազելով եկան և սկսեցին լպստել վարդագույն առվակը, որ ոչ մի կաթիլ  չկորչի:
_ Բազկաթո՜ռը: Ինձ բազկթոռը տվե՜ք,-աղաչում էր մի ծեր տատիկ, որ եկել էր պաղպաղակ ուտելու, բայց չէր կարողանում մոտենալ պալատին:-Բազկաթոռն ինձ տվեք, ես խեղճ, ծեր տատիկ եմ: Օգնեք ինձ: Բազկաթոռը տվեք: Հենակներն էլ տվեք, էլի՜:
Մի բարի հրշեջ վազեց-բերեց համով կրեմից պատրաստված բազկաթոռը: Էս տատիկը մի լա՜վ  ուրախացավ, շտապ-շտապ սկսեց լպստել բազկաթոռի հենակները: Ի՜նչ լավ օր էր, է՜…Իսկական տոն էր Բոլոնիայում: Բժիշկների հրամանով այդ օրը ոչ մեկի փորիկը չցավեց:
Դրանից հետո երեխաները հենց երկրորդ բաժին պաղպաղկն են ուզում, ծնողները տխուր ասում են.
_ Է՜, բարեկամս, քեզ երևի պաղպաղակե դղյակ է պետք, էն էլի, որ Բոլոնիայում է եղել: Այ, այդ ժամանակ դու կկշտանայիր:

Հարցեր

1.Տեքստի մեջ ո՞րն է դղյակ բառի հոմանիշը:

2.Կուզեի՞ր  Երևանի կենտրոնում պաղպաղակե դղյակ հայտնվեր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *